Ոստիկանները մտել են «Հայաստան» դաշինքի մարզային շտաբներ. Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանի խոսքով`ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ոստիկանության առանձին ծառայողներ առանց որևէ հիմնավորման ներս են մտել «Հայաստան» դաշինքի մարզային շտաբներ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

«Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբների կազմավորման գործընթացը։

«Մարզային որոշ շտաբներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբների տարածքներ և փորձել են հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին»,–ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով` ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը։
«Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները»,–նշել է նա։

Վարդևանյանը շեշտել է, որ նման անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում իրենց կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ։

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը. Արսեն Թորոսյանը խոսել է ընտրությունների մասին

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին հայտարարվել էր մայիսի 9-ին։ Դաշինքի մեջ մտնում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, իսկ դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։