Թաթոյանը սահմանի հարցով հրատապ քննարկում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Արման Թաթոյանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Գեղարքունիք և Սյունիք ադրբեջանցի զինվորականների ներխուժման հարցով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

«Քննարկման ընթացքում Թաթոյանը ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Թաթոյանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել

Նշվում է նաև, որ մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Դրանք շարունակվելու են այսօր՝ մայիսի 19-ին։