«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ–ն չի քննարկել և չի քննարկելու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շատ կարևոր է, այսպես ասած, թացը չորից տարբերել, քանի որ Հայաստանի համար կարևոր է ճանապարհների բացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոմունիկացիների բացման հարցին։

Նրա խոսքով` Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի գործողություններն ապակառուցողական են. նրանք տարածաշրջանի լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր են ձեռնարկում:

ԶՈւ–ն մարտավարական գործողություններ է իրականացնում. Փաշինյանը` սահմանային իրավիճակի մասին

«Նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը: Հիշեցնեմ՝ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը: Ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ միայն շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև սա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ Հայաստանը ստանում է երկաթուղային հաղորդակցություն դեպք Իրան և Ռուսաստանի Դաշնություն: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ` խոսքը բեռնափոխադրումների մասին է: Հետագայում, ըստ նրա, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը:

Փաշինյանն ասում է, որ շատ կարևոր է, այսպես ասած, թացը չորից տարբերել, քանի որ Հայաստանի համար կարևոր է ճանապարհների բացումը։ Նրա խոսքով` Հայաստանը հունվարի 11-ի հայտարարությունը ստորագրել է, քանի որ այն բխում է մեր շահերից, և հետևողականորեն աշխատելու են տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ:

Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ –ին. Այվազյան

«Բայց ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև զգում եմ, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ: «Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ–ն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ հարցի էությունը հենց այսպիսին է, և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվելու»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում հայտնել էր` «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Նրա խոսքով` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացառապես «ադրբեջանական նարատիվ է» (պնդում), և դա ոչ մի ընդհանրություն չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Ավելի վաղ՝ ապրիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևn ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կլուծի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը` ցանկանում է դա Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր ուժով լուծել հարցը։