ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ենթադրվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի նաև հայ–ադրբեջանական շփման գծում` Սյունիքում ու Գեղարքունիքում տիրող իրավիճակը և այս հարցով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Դրանք շարունակվելու են այսօր՝ մայիսի 19-ին։
Ավելի վաղ Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախորդ օրը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ռուսաստանն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանագծման ու սահմանազատման հարցում՝ դրա համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելով, որտեղ Մոսկվան կարող է հանդես գալ խորհրդատուի կամ միջնորդի դերում։
Նշենք, որ ՀԱՊԿ Ճգնաժամային իրավիճակի կանոնակարգի համաձայն, արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրականացնում է խորհրդակցություններ անդամ պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումները համակարգելու նպատակով` իրավիճակի բացասական զարգացումները կանխելու համար։
Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ
Խորհրդի քննարկումների արդյունքում նախապատրաստում են ճգնաժամային իրավիճակը կանխելու (կարգավորելու) քաղաքական միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ են ներկայացնում լիազորված անձի նշանակման և նրա մանդատի վերաբերյալ:
Քննարկման արդյունքների հիման վրա ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ համատեղ առաջարկություններ են ներկայացվում Խորհրդին Առաքելության կազմի, նրա խնդիրների և ճգնաժամային գոտում տեղակայման վերաբերյալ։