Լառ-Մարգար․ Հայաստանում հիշում են հույների ցեղասպանությունը

Օսմանյան Թուրքիայում ավելի քան երկու միլիոն հույն էր ապրում, մինչդեռ հիմա՝ երեք հազարից էլ պակաս։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նաև Հայաստանում։
Sputnik

«Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց։ Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլ էին քաշում դեպի անծանոթ հեռուները։ Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար դեմքեր։ Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները»։ Հատվածն Ակսել Բակունցի «Լառ-Մարգար» պատմվածքից է, որը Հայաստանում գիտի յուրաքանչյուր դպրոցական։

Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար

«Խարբերդի և Մալաթիայի միջև ճանապարհին անցա բազմաթիվ հույների մոտով, որոնց տարհանել էին Սև ծովի հյուսիսային ափից։ Մոտ 1 200 մարդ կար՝ ամբողջ ընտանիքներ ու գյուղեր, որոնց ճանապարհ էին հանել այն ամենով, ինչ կարող էին տանել իրենց վրա կամ եզներ լծած սայլերով։ Նրանց հետ թուրք ժանդարմներ էին գնում և ստիպում էին դանդաղ գնալ, որպեսզի մինչև ձմռան ձյունը չկարողանան ոչ մի տեղ հիմնավորվել։ Ժանդարմներն ու թուրքերը նրանց կողոպտում էին, ինչպես կարող էին։ Մեկը մոտ երեք դոլարով իր կովը վաճառեց, որ ուտելիք գնի»,-այս հատվածն էլ Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեի աշխատակից Սթենլի Հոփքինսի գրառումներից է։ Նա 1921թ․-ի աշնանը մասնակցում էր հայերին, հույներին և ասորիներին օգնություն հասցնելու գործին (մեջբերումը այս գրքից է

Հույների հիշատակին (որոնք 1915-23թթ․-ին վերապրել են նույն սարսափը, ինչ հայերն ու ասորիները) ամեն տարի մայիսի 19-ին նշվում է Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը։ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան Թուրքիայում (Պոնտոսում, Փոքր Ասիայում և Կապադովկիայում) ավելի քան երկու միլիոն հույն էր ապրում, հիմա՝ երեք հազարից էլ պակաս։

Ամեն տարի այս օրը հիշատակի արարողություններ են անցկացվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այստեղ են գալիս թե՛ հայերը, թե՛ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները։

Լառ-Մարգար․ Հայաստանում հիշում են հույների ցեղասպանությունը

Սովորական նացիզմ

Հիշատակի օրվա կապակցությամբ Երևանում ցուցադրվեց «Lethal Nationalism» («Մահացու նացիոնալիզմ») ֆիլմը։ Պոնտոսի և Փոքր Ասիայի հունական մշակույթի ուսումնասիրության Կենտրոնի պատրաստած ֆիլմն արդեն լայն ճանաչում ունի ԱՄՆ-ում։ Այնտեղ հավաքված են թե՛ պատմաբանների վկայությունները (ինչպես հույն հետազոտողների, այնպես էլ Հայաստանում հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ուսումնասիրությունները), թե՛ անմիջական ականատեսների վկայությունները (որոնք այն ժամանակ երեխաներ են եղել, իսկ հիմա զառամյալ ծերունիներ են)։ Մենք դրանք չենք ներկայացնի, քանի որ էմոցիոնալ ցնցման պատճառ կարող են դառնալ։

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

Ֆիլմում ընթերցվում են նաև ականատեսների վկայությունները։ Սամպսունդա քաղաքից (թուրքական անվանումը՝ Սամսուն) ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում կանանց և երեխաներին լցրել են մի տան մեջ, պատերին բենզին են շաղ տվել, այնուհետև պատուհանից նռնակ են ներս գցել։ Մի քանի երիտասարդ աղջիկներ, որոնց վերցրել էին թուրք զինվորները, դա տեսնելով՝ նետվել են վառվող տան կրակի մեջ։ Նմանատիպ վկայություններն անթիվ են ինչպես ֆիլմում, այնպես էլ հետազոտողների հոդվածներում։

Ֆիլմում ներկայացվում է նաև այն փաստերից մեկը, որոնք ապացուցում են, թե որքան կարևոր է ցեղասպանության պատմությունն ուսումնասիրել ոչ թե առանձին, այլ մեկտեղ։ Ֆիլմը կոտրում է բոլոր փաստարկները, ըստ որոնց «յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի» և «հայերին հարկադիր տեղահանել են գրոհող ռուսական բանակին համակրելու համար»։

Չէ՞ որ այդ նույն հանցագործությունները 1914թ․-ից սկսած նաև հույների դեմ են իրականացվել, թեև մինչև 1917թ․-ը Հունաստանն Առաջին համաշխարհային պատերազմի չէր էլ մասնակցում։ Իսկ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան այն ժամանակ կարգադրել էր, որ տեղահանություններն ու սպանությունները չկատարվեն այն քաղաքներում, որտեղ տեղակայված էին արտասահմանյան հյուպատոսարաններն ու դեսպանատները, որպեսզի արտասահմանյան դիվանագետներն ավելի քիչ բան իմանան այդ մասին (այդ կարգադրությունը ևս մեջբերվում է ֆիլմում)։

Տեսնել ամեն ինչ

Ցավոք, առայժմ շատ քիչ են համատեղ ուսումնասիրությունները, որոնք թույլ կտային այն ժամանակվա իրադարձությունները տեսնել տարբեր հարթություններում։ Այդ տարանջատումը հաղթահարելու համար մի քանի տարի առաջ նշված կենտրոնի հույն պատմաբանները և Տորոնտոյում գտնվող Զորյան ինստիտուտի (Zoryan Institute) նրանց հայ գործընկերները սկսել են համատեղ հետազոտություններ իրականացնել։

2013թ․-ին երկու կենտրոնների ջանքերով հրատարակվել է Հույների ցեղասպանության մասին գիրքը, իսկ 2017թ․-ին՝ «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում․ հայեր, ասորիներ և հույներ, 1913-1923» գիրքը։ Այստեղ հավաքված են բոլոր երեք ժողովուրդների ներկայացուցիչ պատմաբանների (մասամբ՝ սփյուռքում բնակվող) աշխատանքները, ինչպես նաև այլ երկրների գործընկերների հոդվածները։ Նրանց դիտարկումների առարկա հանդիսացած վկայությունները նորից են ապացուցում, որ թուրքական իշխանությունների նպատակը (թե՛ երիտթուրքերի, թե՛ քեմալականների) ոչ թե մեկ կոնկրետ ազգի ոչնչացումն է եղել, այլ սեփական հայրենիքում բնակվող բոլոր ոչ մուսուլման ժողովուրդների ոչնչացումը։

«Հիմա մենք 2015թ․-ին Նյու Յորքում անցկացված մեծ կոնֆերանսի նյութերի ժողովածուն ենք պատրաստում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Զորյանի ինստիտուտի ղեկավար Ջորջ Շիրինյանը։

Որքան շատ լինեն նմանատիպ ուսումնասիրությունները, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ, որ 1913-23թթ․-ի պատմությունը բնավ էլ ամեն կողմի մի քանի «ճշտերը» չեն, այլ մեկ համընդհանուր ճշմարտություն, վստահ են պատմաբանները։