Իշխանությունն ուզում է փոխել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարումների չափերը

100 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց համար վճարումները կնվազեն ու կավելանան նրանց համար, ովքեր 1,5 միլիոնից ավելի են ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik.Հայաստանի իշխանությունը պատրաստվում է փոխել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական վճարումների չափերը:

Համապատասխան օրինագիծն ընդգրկվել է պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հիմնադրամի վճարումները հետևյալ տեսքը կունենան:

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 1500 դրամ (առանց փոփոխությունների )
  • 100 001-ից մինչեւ 150 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 2000 դրամ (ներկայում 3000 դրամ է)
  • 150 001-ից մինչև 300 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 3000 դրամ
  • 300 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 5000 դրամ (ներկայում 5500 դրամ է)
  • 500 001-ից մինչեւ 750 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 7500 դրամ (ներկայում 8500 դրամ է)
  • 750 001-ից մինչև 1 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 15000 դրամ ներկայում մեկ միլիոնից ավելի դեպքում 15 000 դրամ է)
  • 1 500 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 20 000 դրամ։

Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը նիստում նշեց, որ վճարումների գումարները փոխվում են նաև անհատ ձեռնարկատերերի համար:

Հիմա 1,2 միլիոն դրամ եկամուտ ունենալու դեպքում հիմնադրամին 18 հազար դրամ են վճարում։ Պատգամավորն առաջարկում է գումարը թողնել 18 հազար, բայց հաշվարկային բազան ավելացնել մինչև 2,4 միլիոն:

ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում. ՊՆ–ն` Սյունիքի մասին

2,4-ից մինչև 6 մլն դրամի եկամտի դեպքում առաջարկվում է նվազեցնել վճարումը 66 հազար դրամից մինչև 24 հազար: 6-ից 12 միլիոն դրամի եկամտի դեպքում առաջարկվում է 108 հազարից նվազեցնել 48 հազար դրամի։ 12 միլիոն դրամ և ավելի եկամուտ ունենալու դեպքում 180 հազար դրամի փոխարեն առաջարկվում է վճարել 120 հազար դրամ։

Պապոյանի խոսքով՝ այդ փոփոխությունները չեն անդրադառնա հիմնադրամի աշխատանքի, կայունության ու փոխհատուցման հնարավորության վրա: Միաժամանակ այդ փոփոխությունները կարող են խթանել տնտեսության վերականգնումն ու բիզնեսի զարգացումը։

Օրինագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում շուրջ 35 հազար անհատ ձեռներեց է գրանցված:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայրենիքի պաշտպանության համար 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցում է տրամադրում: Փոխհատուցումները տրամադրվում են նաև 2017թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհետ  կորած ճանաչված զինծառայողների ընտանիքներին (շահառուներին):

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 3036 զոհերի ընտանիքների