Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ–ադրբեջանական սահմանը խախտած կողմին հորդորել է անհապաղ հետ քաշել զորքը

Պաշտոնական Դելին Ադրբեջանի անվանումը չի նշել, բայց ռազմական ներխուժումը անվանել է սադրանք, որը կարող է ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին կոչ է արել հետ քաշել զորքը։

«Մենք անհանգստությամբ ենք հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Սահմանային ներխուժումն ու զինվորականների առաջխաղացումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել։ Խախտած կողմին հորդորում ենք անհապաղ հեռացնել զորքը և դադարեցնել հետագա սադրանքները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորման օգտին։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից», - ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։