ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ սկսված բանակցությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, այսօր կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։

Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՀՀ ՊՆ

Ըստ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության` Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։

«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», - նշել է Զասը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։