ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։
«Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը` գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում... Ես ժողովրդին խաբել չեմ կարող... Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս...»,– գրել է նա։
Գրառման վերջում նա նշել է. «Դեռ կհանդիպենք...»։
Հիշեցնենք` Գևորգ Պետրոսյանը 2017-2019 թվականներին ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքում («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք) և ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Այս տարվա փետրվարին հայտարարեց, որ լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Քաղաքականությունից դուրս գալու հավանականության մասին խոսել էր մարտի 24-ին։