ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է անում ՀՀ իշխանությանը և բոլոր քաղաքական ուժերին հավաքվել կլոր սեղանի շուրջ։ Աբրահամյանը գրառում է արել Facebook–ի իր էջում` շեշտելով, որ պետք է համատեղ ուժերով գծել պետության անվտանգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը՝ այն դիտարկելով որպես գերագույն նպատակ բոլորի համար:
«Նախընտրական մրցավազքում մեր ուշադրությունից դուրս է մնում մեր քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգության հարցը: Պետության առաջ ծառացած անվտանգային խնդիրները պետք է առաջնահերթություն լինեն բոլոր կարող ուժերի համար: ՀՀ-ն այսօր առավել քան երբևէ կարիք ունի համախմբման»,–գրել է նա։
Աբրահամյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում կատարել պետության պարտավորությունը՝ ապահովել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։ Իսկ հանրությանը, ըստ նրա, պետք է տրամադրել ՀՀ սահմանների և անվտանգային իրավիճակի մասին համակողմանի և ամբողջական տեղեկատվություն՝ զերծ պահելով մարդկանց տագնապ և անորոշություն սերմանող տեղեկատվությունից:
Աբրահամյանը շեշտում է, որ սփյուռքը պետք է պատրաստ լինի այս դժվարին ժամանակներում թիկունք լինել մեր երկիրն, կանգնել Հայաստանի ու հայաստանցու կողքին։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։