ՌԱԴԻՈ

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունից պե՞տք է խուճապի մատնվել. Սարգսյանի տեսակետը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, ըստ որի`ԱՄՆ–ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան, Ադրբեջան և Արցախ։
Sputnik
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունից պե՞տք է խուճապի մատնվել. Սարգսյանի տեսակետը

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը պարբերաբար է նման հայտարարություններ անում, դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև մյուս երկրներին, որոնք գտնվում են հակամարտությունների գոտիներում։ ԱՄՆ քաղաքացիներին այս կամ այլ երկիր մեկնելուց զերծ մնալու կոչ արվում է ամենատարբեր պատճառներով։

«Միանշանակ չէ, որ պետք է խուճապի մատնվել, և այնպես չէ, որ Պետդեպարտամենտն ինչ–որ բան գիտի և ուզում է դրանով ինչ–որ բան ասել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով նախկին փորձն ու նախկինում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հայտարարությունը, հետևաբար այդ հանգամանքները նկատի ունենալով` պետք է լինել ավելի զգոն և զգույշ»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հեռախոսազրույցին`Սարգսյանն ընդգծեց, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգներն ակտիվացել է ոչ միայն հարավկովկասյան խնդիրների, այլև այլ տարածաշրջանային հարցերի առնչությամբ, որովհետև ներկայիս վարչակարգն իր դիրքորոշումներով էապես տարբերվում է նախորդից, քանզի առաջնահերթությունները, մոտեցումներն ու սկզբունքներն ուրիշ են։

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ–ադրբեջանական սահմանը խախտած կողմին հորդորել է անհապաղ հետ քաշել զորքը

«Հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արդեն նկատելի են նախաձեռնողական քայլերը, և ԱՄՆ–ն կակտիվանա նաև որպես Մինսկի խմբի համանախագահ, ուստի այդ համատեքստում Սալիվանի հեռախոսազանգը, երկու կողմերին ու լարվածությունից զերծ մնալու կոչերը միանգամայն ընկալելի են։ Կարևոր էր նաև Պետդեպարտամենտի ներկայացուցչի` օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ որի` ԱՄՆ–ն հորդորում է ադրբեջանցիներին դուրս գալ ՀՀ տարածքից և զերծ մնալ հետագա սադրանքներից»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի կարծիքով` հայ–ամերիկյան հարաբերություններում դեռ էական փոփոխություններ չեն արձանագրվել, չնայած որ շփումներ կան, որոնք պայմանավորված են հիմնականում հետպատերազմական շրջանի իրողություններով, այսինքն` ոչ թե հարաբերություններն են զարգանում, այլ իրավիճակը, ինչն էլ թելադրում է իր կանոնները։

Նշենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հայտարարության համաձայն` ԱՄՆ–ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստանի Հանրապետություն և Արցախ՝ ճամփորդողների նախազգուշացման մակարդակը համարելով կարմիր՝ 4-րդ աստիճանի։ Որպես պատճառ նշվում են կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկից 2 օր առաջ։