Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակվեց հունիսի 20-ը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։