ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Գիտնականները կարծում են, որ արտաքին տեսքի որոշ փոփոխություններ կարող են վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ այդ խնդրի մասին կարող են վկայել դեմքի վրա առկա «ճարպային գնդիկները», որոնք հայտնի են որպես քսանտոմաներ։ Դրանք լինում են կոպերի հատվածում ու մի քանի ամիս մնում են։
Մասնագետների խոսքով՝ աչքերի եղջերաթաղանթի շուրջ մոխրագույն-սպիտակավուն օղակները բարձր խոլեստերինի մեկ այլ ախտանիշ են։
Այս նշանները կարող են նաև վկայել հիպերխոլեստերինեմիայի մասին, դա ժառանգական գործոն է, երբ լյարդը վատ է քայքայում ավելորդ խոլեստերինը։
Մասնագետները հիշեցրել են, որ խոլեստերինի մակարդակը բարձրանում է ճարպերով հագեցած մթերքների չարաշահման, ֆիզիկական ակտիվության պակասի, ծխելու և ալկոհոլի չարաշահման դեպքում:
Ավելի վաղ ռուսաստանցի բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ասել էր, որ մարդիկ առանց խոլեստերինի չեն կարող ապրել: Նրա խոսքով՝ բոլոր ստերոիդային հորմոնները, այդ թվում՝ սեռական, ստեղծվում են խոլեստերինի հիման վրա։ Այն նաև բջջային թաղանթների մասն է կազմում։ Միաժամանակ բժիշկը նշել է, որ խոլեստերինի ավելցուկը վնասում է օրգանիզմին:
Արդյո՞ք գազարն ու հապալասն օգտակար են տեսողության համար. բժիշկը` տարածված միֆերի մասին