Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Արցախի խոշորագույն գյուղերից մեկի բնակիչների մեծ մասը պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները, մյուսները զրկվել են հողից և արոտավայրերից, այսինքն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։
Sputnik

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը երկու մասի է բաժանվել՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Վերևի (ավելի մեծ) հատվածը պատերազմից հետո ադրբեջանցիների վերահսկողության տակ է հայտնվել, ներքևինը մնացել է հայերին։ Համայնքի 600 հա հողից հայկական կողմին մոտ 100 հա է մնացել, ընդ որում 20-ը՝ վտանգավոր գոտում։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Պատերազմի հետևանքով գյուղի բնակչության կեսից ավելին անտուն է մնացել, մյուսները կորցրել են գյուղատնտեսական հողերն ու արոտավայրերը։ Թաղավարդի՝ հայերի վերահսկողության տակ մնացած հատվածը շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ Անասուններին արածացնելու հնարավորությունից զրկված գյուղացիներն ուղղակի վաճառում են ունեցածը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է (կենդանիների մի մասը դեռ պատերազմի ժամանակ են կորցրել)։

Մյուս կողմում, որը Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ է մնացել, հիմա դիրքեր են։ Դրանց մի մասը տեղակայված են Էլմիրա և Շուրա Ալավերդյանների հողամասերում։ Հիմա արդեն նախկին տերերն ամեն օր տեսնում են իրենց նախկին սեփականությունը։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Գյուղի «քաղաքացիները»

Էլմիրա Ալավերդյանը Թաղավարդը լքել է հոկտեմբերի 27-ի լուսադեմին, երբ ադրբեջանցիներն արդեն գյուղի մերձակայքում էին։ Նույն օրը հրետանային արկը քանդել է տան տանիքը, գոմը, գինու մառանը։

«Ես բուժքույր եմ։ Քանի որ հոսպիտալը հեռու էր, թեթև հիվանդներին այստեղ էի վիրակապում, օգնություն էի ցույց տալիս։ Երևի վերջին կինը ես եմ եղել, որ դուրս եմ եկել գյուղից»,-ասում է Էլմիրան։

Ամուսնու հետ միասին տուն են վերադարձել հրադադարից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի կեսերին։ Իսկ ահա ցորենի արտերն ու խնձորի այգին ադրբեջանցիների վերահսկողության տակ են մնացել։ Անասուններին ընտանիքը գոմում է պահում՝ բաց չեն թողնում, որովհետև կարող են սովորության համաձայն արոտավայր գնալ՝ «էն կողմ»։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Ընտանիքին միայն տնամերձ հողամասն է մնացել, այն էլ լավ երևում է ադրբեջանական դիրքերից։ Հեռավորությունն ընդամենը մի քանի հարյուր մետր է։

Էլմիրան ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը տարբեր ուղղություններով՝ գյուղը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է։ Հարցին, թե արդյոք չի՞ վախենում, կինը պատասխանում է․ «Վախենում եմ, բա ոնց, բայց ո՞ւր գնամ»։

«Անտառն էլ իրենց մնաց։ Չգիտենք, թե ձմեռը որտեղից ենք փայտ ու խոտ բերելու։ «Քաղաքացի» ենք դարձել»,-ավելացնում է նա։

Էլմիրան ծնունդով Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ Այն նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ է, ուստի ամուսինները գնալու տեղ չունեն։

«Ես այստեղից եմ, այստեղ էլ պիտի մնամ»,-ասում է Էլմիրան։

Նրա ամուսինը՝ 66-ամյա Շուրան, ավելացնում է՝ այստեղ կյանքն ամենաքաղցրն է։ Եվ անգամ «Գրադի» արկը խոտի դեզում նրան չի շփոթեցնում։

Չպայթած արկը հանել չեն փորձել․ տղամարդուն ասել են՝ «անասուններին կամաց-կամաց կերակրեք, հետո կերևա»։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Հակառակորդի թիրախում

Ամեն օր ադրբեջանական դիրքերից կրակոցներ են լսվում։ Երբեմն հայ և ադրբեջանցի զինծառայողները վիճում են (հեռավորությունը մինչև 40 մետր է), նաև հայհոյանքներ են լսվում։ 

Իսկ մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիները սպառնացել են կրակել գյուղի վրա, եթե հայ զինծառայողները չիջեցնեն Արցախի դրոշը, որը տեղադրված էր նրանց դիրքերի դիմաց։

Որպեսզի իրավիճակը բախումների չհասնի, անգամ ռուս զինծառայողներ են եկել։ Մեկ այլ դիրքում ադրբեջանցիները կրակել են Արցախի դրոշի վրա։ «Վերջը մերոնք (զինծառայողները՝ խմբ․) մեր անվտանգության համար հանեցին դրոշը։ Հիմա Ղարաբաղի դրոշի տեղը հայկականն են դրել»,-պատմում է Շուրան։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Առանց տան և աշխատանքի

Թաղավարդն Արցախի խոշորագույն գյուղերից է, այնտեղ մոտ 1318 բնակիչ էր ապրում։ Գյուղը մոտ 7 կմ ձգվում է լեռնալանջերով։ Պատերազմից հետո, համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանի վերահսկողության տակ մոտ 190 տուն է մնացել։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Հայկական կողմի վերահսկողության տակը ընդամենը 124 տուն է մնացել, որտեղ 594 մարդ է բնակվում։

Հաշվի առնելով ադրբեջանական դիրքերի ներկայիս տեղակայումը՝ փաստացի շրջափակման մեջ գտնվող գյուղում հիմնականում տղամարդիկ են մնացել։

Կանայք և երեխաներ նույնպես կան, բայց քիչ են, և մեծամասամբ ապրում են գյուղի ամենաներքևում, Կարմիր Շուկային ավելի մոտ, որտեղ մի փոքր ավելի անվտանգ է։ Խաչատրյանի ընտանիքը նույնպես գյուղում է մնացել։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Բայց եթե իրավիճակը չփոխվի՝ շատերը ստիպված կլինեն հեռանալ գյուղից։ Արոտավայրերը կորցնելուց հետո գյուղում գումար վաստակելու հիմնական եղանակը մնացել է պետական աշխատանքը (օրինակ՝ դպրոցում)։