Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է Սև լճի խնդիրը լուծել «երկու եղբայրական հանրապետությունների համար փոխշահավետ պայմաններով և այն պահպանել ապագա սերունդների համար»։
Ինչի՞ մասին ենք խոսում։ Խոսում ենք 1986 թ․-ի մասին, երբ ՀՀ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ դպրոց էր գնում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր-նոր էր ավարտել ՄՄՀՊԻ-ն (МГИМО):
Ամեն ինչ սկսվեց Լաչինի շրջանի Ղարաքաշի դպրոցի ուսուցիչ Չելքաշ Մեհրալիևի՝ «Իզվեստիա» թերթին ուղղված նամակից։ Ահա մի հատված այդ նամակից․ «Ավելի քան քսան տարի է՝ անհանգստացած եմ Ղարա-գյոլ բացառիկ լճի ճակատագրով, որը երկու եղբայրական հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին է։ Նախկինում այնտեղի ջուրը մաքուր էր, թափանցիկ, իսկ հիմա ծաղկել է, պղտորվել, լիճն աստիճանաբար մեռնում է։ Հայկական ափին պոմպակայան կա, որը ջուրը մղում է դեպի Գորիս և շրջակա գյուղեր, լիճն ու այն շրջապատող ալպիական մարգագետինները ջրազրկվում են։ Պետք է ինչ-որ բան անել»։
Արեցին։ Դեռևս թերթին ուղղված նամակից առաջ՝ 1973թ․-ին, Հայաստանից և Ադրբեջանից համատեղ հանձնախումբ էր այցելել Սև լիճ, զբոսնել էին, նայել․․․ Այցից հետո Ադրբեջանը իր ափին նույնպես պոմպակայան տեղադրեց, և արդեն երկու կայան, ասես միմյանց հետ մրցելով, վնաս էին հասցնում լճին։
Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին
Պետք է ասել, որ Սև լճի ջուրը վերականգնվում էր միայն ձնհալների և անձրևների հաշվին, իսկ շուրջը գտնվող արոտավայրերում ոչխարի հոտեր էին արածում (այն ժամանակների հաշվարկներով՝ ավելի քան հարյուր հազար գլուխ), և նրանք մարդկանցից ոչ պակաս ջուր էին խմում։
Հիմա՝ միջկառավարական նամակագրության ժանրից։ Մեհրալիևի նամակը «Իզվեստիայից» գնաց Բաքու և Երևան։
Ադրբեջանի նախարարների խորհրդի փոխնախագահ ընկեր Մամեդովը հայտնեց` այո, լճի շուրջը պետք է սանիտարական գոտի ստեղծել, ջրագծային համակարգ կառուցել լճի շրջակայքի արոտավայրերում։ Սակայն լճի մակարդակի իջեցման հիմնական պատճառը (այդպես էր ստացվում նամակից) հենց բնությունն էր։ Մասնավորապես՝ վերջին տարիների չոր եղանակը։
Այնուհետև ընկեր Մամեդովն առաջարկում էր, ինչպես ընդունված էր այն ժամանակ, «լճի ուսումնասիրության և դրա բնական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով» համատեղ հանձնաժողով ստեղծել։
Քննարկմանը հայկական կողմը ներկայացնում էր նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Խոջամիրյանը։ Նա «Իզվեստիային» ուղղված նամակում նույնպես խոսում էր սանիտարական գոտու, անասուններին անմիջապես ջրավազանից ջուր խմելն արգելելու և այլ բաների մասին` միաժամանակ տեղեկացնելով, որ ջրային տնտեսության նախարարությունը սկսել է նախատեսված աշխատանքները, թեև դրանք պետք է կատարվեին պարիտետային հիմունքներով: Էլ չասած, որ Ադրբեջանի գյուղնախարարությունը պետք է աղտոտող դիզելային պոմպակայանը փոխարիներ էլեկտրական պոմպակայանով, բայց չարեց դա։
«Իզվեստիայում» կարդացին գրածները և իրենց կարծիքն ասացին․ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները տոգորված են այն ըմբռնումով, թե որքան կարևոր է պահպանել եզակի բնական օբյեկտները ժառանգների համար (և ժամանակակիցների համար նույնպես)։ Այնուամենայնիվ, «հանձնաժողովի ըմբռնումը և նույնիսկ որոշումը մի բան է, իսկ լճի փրկության գործնական վճռական միջոցները, ինչի մասին գրում է ընկեր Մեհրալիևը, այլ բան»,-Սև լճի թեմայով հարևանների թեթևակի կշտամբեց Մոսկվան։
Հայաստանում և Ադրբեջանում «Իզվեստիայի» սեփական թղթակիցներին առաջարկեցին մեկ տարի հետո գնալ լիճ և տեսնել, թե ինչպես և ինչով է այն ապրում։ Առջևում 1988 թվականն էր, արդեն նշմարվում էր Ղարաբաղյան շարժումը, նույն տարում տեղի ունեցավ երկրաշարժը, և արդեն Սև լճի ժամանակը չէր։
․․․Այսօր լճում և լճի շուրջ իրադարձությունները միանգամայն այլ սցենարով են զարգանում։ Ադրբեջանական բանակն ավելի քան երեք կիլոմետր խորացել է Հայաստանի տարածքում (ո՞ւմ են հետաքրքրում 102 տեսակի ծաղիկները) և կտրել է Սև լիճը երկրի մնացած մասից։ Ինչպես և վերը նկարագրված դեպքում, կրկին որպես դատավոր է հանդես գալիս Ռուսաստանը։
Վերջին տվյալներով՝ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը մայիսի 12-ից սկսած ընդհանուր առմամբ անփոփոխ է մնում, թեև ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր լքել են հանրապետության սահմանները: Բանակցությունները կվերսկսվեն մայիսի 19-ին։ Երևանի դիրքորոշումն անսասան է` ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի սահմանները։
Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն