Հակաճգնաժամային ծրագրերի մի մասն ուղղվել էր գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Այգեգործության, բանջարեղենի ու հացահատիկի մշակության համար մեկնարկել էր մի քանի ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 100 միլիարդ դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացնում է ծրագրերի միջանկյալ արդյունքները։
Լիզինգ
2020 թվականին առաջարկվել էր լիզինգի սուբսիդավորման ծրագիր, իսկ օրենսդրության մեջ լուծվել են լիզինգի հետ կապված մի քանի խնդիրներ։ 2019-ի համեմատ, գյուղտեխնիկայի և վերամշակման սարքավորումների լիզինգի պորտֆելն աճել է 2,2 անգամ, և աճի միտումը շարունակվում է նաև 2021-ին։ 2020-ին լիզինգի ծրագրով իրավաբանական անձանց և անհատ ֆերմերների տրամադրվել է շուրջ 950 միավոր տեխնիկա` ընդհանուր 8,8 միլիարդ դրամ արժողությամբ։
Ավելացել է վերամշակման սարքավորումների (ներառյալ սառնարանները, գյուղատնտեսական նշանակության պահեստները և ջերմոցները) լիզինգի պետական օժանդակության սահմանաչափը` 450 միլիոնից մինչև 1 միլիարդ դրամ։ Շահառուները հիմնականում իրավաբանական անձիք են, քանի որ այդչափ մեծ ներդրումներն արդեն մեծ ծավալների արտադրության համար են։ Սակայն մեծ է նաև ֆերմերների/անհատների մասնակցությունը ծրագրին, որոնք ձեռք են բերում փոքր ծավալի վերամշակող սարքավորումներ, կթի ագրեգատներ և այլն։
Վարկեր
2020-ին կառավարությունը սուբսիդավորել է շուրջ 37 հազար վարկեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 63 միլիարդ մլրդ դրամ։
«Ձեռնարկությունների մի մասը այդ վարկերով ձեռք է բերել նոր արտադրական և մթերման կարողություններ։ 2020 թվականին, 2019-ի համեմատ, Հայաստանից արտահանվել է 3 հազար տոննա ավելի գյուղմթերք, կամ տոննաժով` 2%–ով ավելի։ Սակայն գումարային արտահայտությամբ աճը եղել է 27-29%, իսկ պահածոների ու հյութերի դեպքում` 30-36%։ Այսինքն, շուկայում առկա է պահանջարկ, իսկ նոր տեխնոլոգիաները և սարքավորումները կնպաստեն ավելի արդյունավետ արտադրության կազմակերպմանը, որն էլ իր հերթին կազդի ինքնարժեքի ձևավորման վրա»,– ընդգծում է փոխնախարարը։
Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է
Շարունակվում է տրամադրվել նաև տոկոսադրույքների սուբսիդիա` մթերման վարկերի (թե՛ կաթի, թե՛ միրգ–բանջարեղենի)։ 2020 թվականին այս ծրագրով սուբսիդավորվել է 181 կազմակերպության շուրջ 22 միլիարդ դրամի վարկ։
Ըստ այդմ, եթե 2019-ին մթերվել է 86 հազար տոննա պտուղ–բանջարեղեն (չհաշված խաղողը), ապա 2020-ին, չնայած բոլոր դժվարություններին, 98 հազար տոննա։
Հիմնական խնդիրն առաջացել է խաղողի մթերման ժամանակ, քանի որ գինու ու կոնյակի արտահանումը նվազել է մոտ 30%–ով, իսկ տեղի շուկայում վաճառքները նվազել են 70%–ով։ Միևնույն ժամանակ, խաղողի բերքը 2020 թվականին մոտ 35%-ով ավելի էր նախորդ տարվա համեմատ։ Այսինքն, կար մեծ առաջարկ և քիչ պահանջարկ։ Դրան գումարած` հոկտեմբերին քիչ էին բեռնատար մեքենաները (հայտնի պատճառներով)։ «Բայց և այնպես, հաջողվեց այնպես անել, որ ամբողջ խաղողը մթերվի», – նշեց փոխնախարարը։
Ցորենի սերմացու
2020-ին փորձարկվել էր աշնանացան ցորենի սերմացուի ծրագիրը․ ֆերմերները, իրենց ընտրությամբ, գնում էին ցորենի որակյալ (սերտիֆիկացված) սերմացու, որի 1 կգ–ի 70 դրամը (շուրջ մեկ երրորդը) փոխհատուցել էր կառավարությունը։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել գրեթե 4 200 տոննա սերմացու, որը, մոտավոր հաշվարկով, ցանվել է 15-17 հազար հեկտարի վրա։
Ինտենսիվ այգեգործություն
Ընդլայնվել է ինտենսիվ այգեգործության ծրագիրը՝ ներառելով ինտենսիվ պտղատու ծառատեսակների, կարկտապաշտպան և ոռոգման համակարգերի ոլորտները։ Մինչև 100 հեկտար այգի հիմնելու դեպքում ֆերմերը պետությունից հետ է ստանում ծախսերի 50%-ը։
Այս տարի ծրագիրը համալրվել է ևս մեկ բաղադրիչով` բարձրարժեք մշակաբույսերի համար (ծնեբեկ, բրյուսելյան կաղամբ և այլն)։ 2020թ․-ին հիմնված այգիների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 570 հա, որը 10 անգամ ավելի է 2019թ․-ի ցուցանիշից։ Այս տարի ծրագրի նկատմամբ պահանջարկն անհամեմատ աճել է։
Ապահովագրություն
2020 թվականին գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը գործարկվել է ծիրանի և խաղողի համար, արդյունքում կնքվել է մոտ 1 500 պայմանագիր` մոտ 2 500 հեկտար այգիների համար։ 2021-ին ապահովագրությունն ընդլայնվել է 11 մշակաբույսի համար, և առաջին եռամսյակում դրա ծածկույթը կազմել է արդեն մոտ 5 հազար հեկտար, իսկ պայմանագրերի թիվը գրեթե կրկնակի աճել է։ Կարկտի և ցրտահարության դեպքում պետությունը հատուցում է վնասների 50%-60%-ը։
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ
2020-ին գործող ծրագրում կատարվեցին որոշ փոփոխություններ, որով հնարավորություն տրվեց տնտեսավարողներին ձեռք բերել ֆերմենտացիոն տարաներ, հնեցման համար տակառներ, տարատեսակ պարագաներ՝ ապակյա տարաներ, ասեպտիկ պարկեր, փականներ և այլն։ Իսկ կոնյակի սպիրտ արտահանողներին շահագրգռելու համար արտահանվող սպիրտի 100,000 լիտրից ավելի վճարվող յուրաքանչյուր 1 լիտրի 100 դրամը կառավարությունը հետ է վերադարձնում։ Այդ գումարը կարևոր դերակատարում ունի արտահանման շուկայում ավելի մրցունակ լինելու համար։