ՌԱԴԻՈ

Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Հայաստանի տարբեր մարզերում և խոշոր քաղաքներում բացվող «Արմաթ» լաբորատորիաների մասին։
Sputnik
Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասաց նա։

Նրա խոսքով`սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։

Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը

«Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշեց Քասարջյանը։

Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի` Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։

Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են

Նշենք, որ «Արմաթ» դպրոցական լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2011 թվականից` Միության և ոլորտային ձեռնարկությունների աջակցությամբ։ Լաբորատորիաներում դասավանդվում են ծրագրավորման, ինչպես նաև ինժեներիայի (ռոբոտաշինության, պլաստմասայի, փայտի ու մտեաղի մշակման) հիմունքներ։ Այժմ գործում են արդեն մի քնաի հարյուր այդպիսի լաբորատորիա` ՀՀ–ում, Արցախում ու Ջավախքում։ Միջազգային համագործակցության շրջանակում ծրագիրը գործում է նաև Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել