Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ

Մախմուդզոդան պատրաստակամություն է հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Բայդենի խորհրդականը Ադրբեջանի ԶՈւ գործողությունները սադրիչ է անվանել

Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին:

Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:

Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:

Խոսակցության ընթացքում Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:

Մախմուդզոդան հավելել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:

ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։