Գրիգորյանը խոսել է «սորոսական անցյալի» և ռուս գործընկերոջ հետ հարաբերությունների մասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ չի կարելի միջպետական հարաբերություններն իջեցնել այդքան ցածր մակարդակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անլուրջ է համարում «սորոսական» անցյալի մասին խոսակցությունները, որոնք, իբր, այսօր նրան խանգարում են արդյունավետ աշխատել ռուս գործընկերների հետ: Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային և Civilnet-ին տված հարցազրույցում։

ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջին օրերից ընդդիմադիրները հայտարարում են, որ ռուսական կողմը թերահավատությամբ և զգուշությամբ է վերաբերվում Գրիգորյանին՝ հաշվի առնելով նախկինում Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններում նրա աշխատանքը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ այս ընթացքում ինքը բազմաթիվ անգամ անդրադարձել է այդ թեմային և պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Նրանք, ովքեր քաղաքականությունը, միջպետական հարաբերությունները պատկերացնում են նման ցածր մակարդակի, ուղղակի անլուրջ են», - ասում է նա։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

ԱԽ քարտուղարը, շեշտում է, որ այս օրերին Սյունիքի իրավիճակով պայմանավորված երկու հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ։ Նրա խոսքով ՝ իրենք Պատրուշևի հետ միասին հսկայական ջանքեր են գործադրում Սյունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման համար։

Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա և՛ Գրիգորյանը, և՛ Պատրուշևը դրանք դիտարկում են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական և ռազմաքաղաքական դաշինքի պրիզմայով։

«Սա լոկալ խնդիր չէ, ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի». ԱԽ քարտուղար