ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,– հայտնեց դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք` Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հետևանքներ առաջացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Նշված մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել էր ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ առաջադրված մեղադրանքի համաձայն ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել պետության պատճառված վնասին համարժեք գումար:
Բեգլարյանի Հայաստան գալու պատճառն, ըստ մամուլի, եղբոր մահն է եղել։
Այս հանգամանքները հաշվի առնելով` նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշում է ընդունել։