Բայդենի խորհրդականը Ադրբեջանի ԶՈւ գործողությունները սադրիչ է անվանել

Ջեյք Սալիվանն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պաշտոնական քննարկումների անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ զրույցներում։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-ին կայացած խոսակցությունների ընթացքում Սալիվանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության աճի կապակցությամբ:

Բայդենի խորհրդականը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հարցում:

Սալիվանը ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող երկխոսությունը և այդ հարցի խաղաղ կարգավորման հարցում երկու առաջնորդների հանձնառությունը:

Բացի այդ, նա ընդգծել է երկրների միջև պետական սահմանի սահմանագծման վերաբերյալ պաշտոնական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը:

Սալիվանը զրուցակիցներին հայտնել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, տարածաշրջանային հաշտության հասնելու հանձնառության մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։

ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։