Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների երկրորդ օրը նվաճեց բրոնզե երկու մեդալ, վաղը կարող ենք վաստակել նույնպես երկու, բայց ոսկե մեդալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղի համար գոտեմարտերում Հայաստանի հավաքականը ներկայացնող Արման Անդրեասյանը հաղթանակի հասավ 3։1 հաշվով, իսկ Արման Ավագյանը մրցակցին հաղթեց 7։4 հաշվով։

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

Արման Անդրեասյանը, որը մեր երկիրը ներկայացնում է 70 կգ քաշային կարգում, շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն։ Մեր ըմբիշն առաջին գոտեմարտում հաղթեց բելառուս Դանիիլ Ամելյանչիկին, ապա առավելության հասավ ռումինացի Նորբերտ Մոլնոսի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Արմանը 3։4 հաշվով ցավալի պարտություն կրեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսից, ու բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ։ Տակտիկապես գրագետ գոտեմարտ անցկացնելով` Անդրեասյանը հաղթեց 3։1 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են

79 կգ քաշային կարգում լեհ Յակուբ Վլադչիկի նկատմամբ 6։0 հաշվով հաղթանակով մեկնարկեց Արման Ավագյանը։ Սակայն հաջորդ գոտեմարտում Արմանը պարտվեց թուրք Ռամազան Սարիին, ու քանի որ թուրք ըմբիշը հասավ եզրափակիչ, մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի իրավունք վաստակեց։ Հաղթելով գերմանացի Կոնստանտին Շաբլեին` Ավագյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Գոգո Մամիաուրիի հետ։ Գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ հայ ըմբիշը պարտվում էր 0։4 հաշվով, բայց Ավագյանը գրոհում էր ու, մեկը մյուսի հետևից վաստակելով յոթ միավոր, հաղթեց 7։4 հաշվով ու նվաճեց բրոնզե մեդալը։

Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը երեք գեղեցիկ ու անընդմեջ հաղթանակներից հետո իրավունք է վաստակել վիճարկելու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևը։ 1/8 եզրափակիչում Ալխիանյանը 10։0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիմոն Մարկլի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչ գոտեմարտի ընթացքում Հրայրը պարտվում էր թուրք Իսա Դեմիրին` 2։4 հաշվով, բայց կամային որակների շնորհիվ մաքուր հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այստեղ էլ Ալիխանյանը բացահայտ առավելությամբ՝ 12։2 հաշվով պարտության մատնեց հույն Գեորգիոս Կոգիոումցիդիսին և դուրս եկավ եզրափակիչ։

Ռազմիկ Պապիկյանը (61կգ) իր ելույթները սկսեց քառորդ եզրափակիչից ու առաջին գոտեմարտում 9։6 հաշվով հաղթեց ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին, իսկ կիսաեզրափակիչում նվազագույն առավելությամբ՝ 3։2 հաշվով, հաղթանակ տոնեց թուրք Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ ու ոսկե մեդալի համար գոտեմարտելու է վրացի Թեյմուրազ Վանիշվիլիի հետ։

Եվս մեկ հայ ըմբիշ հասավ խոշոր հաջողության այս մրցումներում։ Ուկրաինան ներկայացնող հայազգի Էրիկ Առուշանյանը եզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Աբդուլմաջիդ Կուդիևին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Մեր ընտրանու մյուս ըմբիշները արդեն չեն հավակնում մեդալի։