ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախը հանդես է գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Պատերազմը պիտի բացառենք. Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի գյուղեր

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել ՊԲ բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունը անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի ՊԲ-ն կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականը ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին