Խոսրով Հարությունյանին և ևս մեկ անձի բերման են ենթարկել Ազատության հրապարակից. տեսանյութ

Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Ոստիկանության ծառայողները ժամեր առաջ բերման են ենթարկել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանին:

Քաղաքական գործիչը մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված ակցիային։ Այնտեղ նրա և մի քանի ակտիվիստների միջև  ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո մոտակայքում հերթապահող ոստիկանները Հարությունյանին և ևս մեկ մարդու տարել են ծառայողական «Գազելով»։

Ավելի ուշ նրա փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրել է, որ Հարությունյանին ազատ են արձակել։

Նրա խոսքով՝ Ազատության հրապարակում մի քաղաքացի ակնհայտ սադրանքի է դիմել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին։

Խոսրով Հարությունյանը փորձել է հանդարտեցնել քաղաքացուն, որին ի պատասխան՝ տղամարդը հրել է Հարությունյանին։ Պաշտպանն ընդգծում է՝ թեպետ դրանից հետո Խոսրով Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև իրեն։

«Ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը»,- գրել է փաստաբանը։

Նա շեշտում է՝ ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր։

Ոստիկանությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ծեծի կասկածանքով են բերման ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել