ՌԱԴԻՈ

Որքանո՞վ առաջին նախագահին կհաջողվի նոր բևեռ դառնալ. վերլուծում է քաղաքագետը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայ ազագային կոնգրես» կուսակցության համագումարին, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի առավել ուշագրավ դրույթներին։ 
Sputnik
Որքանո՞վ առաջին նախագահին կհաջողվի նոր բևեռ դառնալ. վերլուծում է քաղաքագետը

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Տեր–Պետրոսյանի կողմից երկրորդ և երրորդ նախագահներին ավելի վաղ արված առաջարկությունը ոչ միայն պրակտիկ քաղաքական խնդիր էր լուծում, այլև փորձ էր արվում քաղաքական համակարգը թեստավորել, ինչի մասին նա ասաց մայիսի 16-ի ելույթում։ Ըստ նրա` հիշյալ առաջարկով առաջին նախագահը փորձել է ոչ միայն լայն կոնսոլիդացիա ապահովել, այլև հիմքեր ստեղծել, որպեսզի ձախողման դեպքում գնահատի նախկին նախագահների վարքագիծը։ 

«Ակնհայտ է, որ երկու շաբաթ առաջ արված իմ կանխատեսումն իրականանում է, այսինքն` Տեր–Պետրոսյանն ընտրարշավ է մտնելու ակտիվորեն մարտահրավեր նետելով մի կողմից Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա ըստ էության իր ելույթի ամբողջ տրամաբանությունը կառուցել էր այն հիմքի վրա, որ անցած 23 տարիներին մսխվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունը»,– նշեց քաղաքագետը։

Վանո Սիրադեղյանը ՀԱԿ վարչության անդամ է, բայց ընտրական ցուցակում չի լինելու

Սուրենյանցի կարծիքով` այլ խնդիր է, թե որքանով առաջին նախագահին կհաջողվի նոր բևեռ դառնալ կամ այդպիսին լինել այս ընտրարշավում, ու որքան էլ քաղաքագետը Տեր–Պետրոսյանի ելույթները ռացիոնալ է համարում, այդուհանդերձ հակված չէ այն մտքին, որ նա այս պահին ինստիտուցիոնալ, ֆինանսական, կադրային հնարավորություններ ունի Փաշինյանի կամ Քոչարյանի բևեռին մարտահրավեր նետելու համար։

Քաղաքագետի գնահատմամբ` ՀԱԿ–ն Ազգային ժողովում հայտնվելու տեսական հնարավորություն ունի, սակայն այս կարճ ժամանակահատվածում նա չի կարող համալրել երեք–չորս ազդեցիկ քաղաքական բևեռների շարքը։ Ըստ Սուրենյանցի` այստեղ էական է ևս մեկ հանգամանք, թե արդյոք առաջին նախագահը տարիքի և առողջության բերումով կարո՞ղ է ակտիվ ընտրարշավի մասնակից լինել, թե՞ կսահմանափակվի մերթընդմերթ արվող հրապարակային հայտարարություններով ու ելույթներով։ Ըստ այդմ` առաջին նախագահի հետ ՀԱԿ–ի հնարավորությունները բոլորովին այլ են։ 

Նշենք, որ մայիսի 16–ին կայացավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարը, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոր Տեր–Պետրոսյանը և հայտարարեց, որ եթե Հայ ազգային կոնգրեսը մասնակցի առաջիկա ընտրություններին, ապա վարչապետի թեկնածուն կլինի ինքը։ 

Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը

Հիշեցնենք` մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը տեղեկացրել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։