Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

Լուսանկարում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում, որոնք կանգնել և ուշադիր ֆոտոխցիկի ուղղությամբ են նայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Բեզոարյան այծերը, պարզվում է, սիրում են լուսանկարվել։ Համենայն դեպս, գիտեն, թե ինչպես ճիշտ «դիրքավորվել» լուսանկարի համար։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում։

«Ուշադրությո՛ւն, նկարում են»,- լուսանկարին կից գրել են հիմնադրամի աշխատակիցները։

Բանն այն է, որ լուսանկարում բոլոր 7 բեզոարներն էլ, թվում է, թե ուշադիր ֆոտոխցիկին են նայում ու համբերատար սպասում, մինչև լուսանկարիչը գործն ավարտի։

Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր

Նշվում է, որ բեզոարյան այծերի այս խմբին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Մանուկ Մանուկյանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը