ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արդեն արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ախտանշաններ ունեցողներից 43-ը հայտնաբերվել են վերջին օրերին՝ մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցի արդյունքում։
Նշվում է, որ բոլոր հիվանդներն էլ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ են ունեցել դեռևս բռնկման օրվանից։
«Այսօրվա դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Գերատեսչությունից հայտնում են, որ հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով ևս 199 բնակիչ:
Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:
Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում։
67 նոր դեպք, 10 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում