ՀՀ նախագահը ստորագրել է զորակոչից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու օրենքը

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծն ընդունել շտապ կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Օրենքի համաձայն՝ համաներում է հայտարարվում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծն ընդունել շտապ կարգով։