ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը 19 օր անց պատասխանել է ՀՀ նախագահին և նշել, որ կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին:

«Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաև գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երևան կատարած նրա այցի ընթացքում: Մինսկի խմբի համանախագահները 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են նաև Ձեր նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` դեռևս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու և երկարատև խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար»,– նշել է Շմիդը:

Նրա խոսքով` այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների:

Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը

«Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ»,– գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Շմիդը հույս է հայտնել, որ կկարողանա զարգացնել և առավել ընդլայնել այս համագործակցությունը։

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին նամակներ էր գրել ապրիլի 28-ին։ 

Նա նշել էր, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում։