ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանի քաղաքացին ծնողների դրած անվան հետ համաձայն չլինելու դեպքում այլևս ստիպված չէ ապացուցել, որ իր անունը բարեհունչ չէ, կամ ծնողների սխալն ուղղելու համար գումար վճարել որոշում կայացնողներին։ Դե իսկ որոշումը կայացնում էր ՔԿԱԳ գործակալության պետը` միանձնյա։
Այս օրինակն այսօր մամուլի ասուլիսում բերեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը` ներկայացնելով հանրային ծառայությունների ոլորտում կատարված բարեփոխումները։
«Մեր կարծիքով՝ այս կարգավորումները կոռւպցիոն ռիսկեր էին պարունակում, քանի որ թողնված էին պետական պաշտոնյայի հայեցողությանը, և պետական պաշտոնյան պետք է որոշեր` անձի անվան փոփոխությունը հարգելի՞ է, թե՞ հարգելի չէ։ Կոռուպցիոն ռիսկ էր նաև, որ դիմում ընդունողը նաև որոշում կայացնողն էր։ Մենք հիմա համակարգը փոխել ենք. դիմում ընդունողները կընդունեն դիմումը, իսկ որոշումը կկայացվի Արդարադատության նախարարությունում, և քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,– ասաց Դանիելյանը։
Իսկ քաղաքացին էլ այսուհետ ստիպված չի լինի ապացուցել, որ իր անվան փոփոխության պահանջը հիմնավոր է։ Գնահատողական հիմքերը օրենքից հանվել են։
Իմքայլական նախկին պատգամավորը նշանակվեց արդարադատության փոխնախարար
Վահե Դանիելյանը նշեց, որ կատարված փոփոխություններն առնչվում են ՔԿԱԳ ու ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններին։ Մասնավորապես վերանայվել է այս կառույցների կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված պետական տուրքը։
«ՔԿԱԳ բոլոր ծառայությունների պետական տուրքից ազատվել են կենսաթոշակառուները, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամները, ընտանիքի անապահովության համակարգում գրանցված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքի անդամները»,– ասաց Դանիելյանը։
Սոցիալական այս խմբերին չպատկանող այլ քաղաքացիներն էլ այսուհետ ստիպված չեն լինի ՔԿԱԳ ցանկացած տեղեկանքի դիմաց 2000 դրամ վճարել։ Պետտուրքի այս տեսակն ընդհանրապես վերացվել է օրենքից։
Արդարադատության փոխնախարարի հաշվարկով՝ տարեկան շուրջ 13 000 քաղաքացիներ ստիպված էին լինում այդ 2000 դրամը վճարել։ Պետական տուրքից ազատվել է նաև ամուսնության գրանցումը, որի համար տարեկան շուրջ 15 000 զույգ էր վճարում։ Իսկ ԱՁ գրանցողները 3000 դրամ պետտուրք չեն վճարի միայն առցանց գրանցվելու դեպքում։ Սա, ըստ Դանիելյանի, արվել է առցանց գրանցումները խրախուսելու համար։
Արդարադատության նախարարի խոսքով՝ պետական բյուջեն այս փոփոխություններից չի տուժի, քանի որ սահմանված ժամկետից շուտ ծառայություն պահանջելու դեպքում քաղաքացին պետք է հավելյալ վճարում կատարի։
Տուրքերից բացի բարեփոխումներն առնչվել են նաև ժամկետներին։ Պետական ծառայությունների ժամկետներն օրենքով կրճատվել են։ Օրինակ` անվան փոփոխությունը, որ նախկինում 5 ամսում էր կատարվում, հիմա կատարվելու է 15 օրում։ Փաստաթղթերում ուղղագրական կամ թվային սխալներն ուղղելու համար ևս սահմանվել է 15–օրյա ժամկետ։ Իսկ պետական մարմնի սխալն ուղղելու համար քաղաքացին այսուհետ ստիպված չի լինելու վճարել։ Տուրքի այս տեսակը ևս վերացվել է։
Թղթային փաստաթղթերի քանակը ՀՀ–ում ևս որոշվել է կրճատել։ Այսուհետ քաղաքացին իր փաստաթղթերը կստանա էլեկտրոնային նամակով և կակտիվացնի QR կոդի միջոցով։
Առաջիկայում նախատեսվում է միավորել հանրային բոլոր ծառայությունները մեկ կենտրոնում։ Նման գրասենյակներից առաջինն արդեն բացվել է Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում։
Մոսկվայի ճոպանուղում 30 զույգ ամուսնացել ու համաշխարհային ռեկորդ են սահմանել
«Բոլոր ծառայությունները մենք նախատեսում ենք հավաքել մեկ շենքում, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի մեկ պետական մարմնից գնալու մեկ այլ պետական մարմին, այլ կարող է մոտենալ մեկ պատուհանին ու ստանալ բոլոր ծառայությունները»,– ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով, սա առայժմ պիլոտային տարբերակ է, բայց առաջիկայում ոչ միայն արդարադատության նախարարության, այլև կադաստրի, ոստիկանության մատուցած բոլոր հանրային ծառայությունները կկենտրոնացվեն տարածքային ընդհանուր կենտրոններում։