ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Էնթոնի Բլինկենը Twitter-ի էջում գրառում է արել` հայտնելով, թե ԼՂ հարցի քննարկման ժամանակ ինչի վրա է շեշտադրում դրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Տեղեկանում ենք Բլինկենի Twitter-ի էջում արված գրառումից։

«Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության` երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտության հարցը»,–գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բացի այդ, քննարկվել է նաև իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։