ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչով է վտանգավոր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը:
«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու։ Իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության, ինչպես նաև երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով»,–ասաց նա։
Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։
«Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող անկայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, և մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր և տևական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է «Հայ Ազգային Կոնգրեսի» սկզբունքային դիրքորոշումը»,–ասել է նա։
ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։
Նրա խոսքով` նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։
Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։
Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։