ՌԱԴԻՈ

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իսրայելի` Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի կառավարության վրա որպես ճնշման գործիք կրկին օգտագործելու փորձերին։
Sputnik
Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` թեև իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ լարված և պաղեստինաիսրայելական հակամարտությունն ունի վաղեմի պատմություն, այդուհանդերձ Թուրքիայի ու Իսրայելի միջև վերջին առճակատման ֆոնին դժվար է հավատալ, թե Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

«Այստեղ, ցավոք սրտի, հերթական անգամ գործ ունենք Հայոց ցեղասպանությունը մանիպուլացնելու և սեփական շահերին ծառայեցնելու մեծ պետությունների քաղաքականության հետ։ Սա հերթական օրինակն է, ինչն ուղղակի շանտաժ է Իսրայելի կողմից ուղղված Թուրքիային, որովհետև Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ըստ էության փորձում է հանդես գալ որպես համայն մահմեդականների պաշտպան։ Թուրքիայի նախագահը ձգտում է Մերձավոր Արևելքում նոր սուլթանի կարգավիճակի»,– նշեց փորձագետը։

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Անդրադառնալով Թել Ավիվից հնչող հայտարարություններին` Բալասանյանն ընդգծեց, որ նախ Իսրայելը պետք է անշահախնդրորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նոր հետո Թուրքիային մեղադրի ցեղասպանությունն ուրանալու կամ ժխտելու համար։ Ըստ նրա` իսրայելական փորձագիտական շրջանակներում պտտվում է մի միտք, որի համաձայն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` հրեա ժողովուրդը կդադարի լինել պաշտոնապես ճանաչված միակ ցեղասպանված ազգը, ուստի հարցը, փորձագետի կարծիքով, հասցնում են բրենդի մակարդակի։

Բալասանյանի գնահատմամբ` եթե թուրք–իսրայելական առճակատումը վերածվի զինված բախման, Թուրքիան դրանով լրջորեն կհակադրվի ամերիկաբրիտանական շահերին։ Փորձագետի պնդմամբ` պաշտոնական Երևանն իր հերթին պետք է ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության որևէ մանիպուլացում դիտարկի որպես անհանդուրժելի վարքագիծ և այդ կապակցությամբ հանդես գա կոշտ քննադատական հայտարարությամբ։         

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարում է պաղեստինցիներին։

Նշենք, որ Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն, բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ, հասկացրել է, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։