Գյումրեցի հոգեբան-քիմիկոսի օրգանական-կոսմետիկ ձեռքբերումները

Ամեն ինչ սկսվեց գերչակի, կոկոսի, արմավի, ձիթապտղի, խաղողի կտի յուղի հիմքով պատրաստված օճառներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հոգեբան ու քիմիկոս Վարդան Պապիկյանը, որը նաև դասավանդում է Շիրակի պետական համալսարանում, օրվա մեծ մասն անցկացնում է իր ստեղծած մինի լաբորատորիայում։ Այստեղ օրգանական կոսմետիկ միջոցներ են պատրաստում։

Գյումրիի դարբնությունը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում. ի՞նչ է արվել այս ուղղությամբ

Քիմիական  նյութերից ստացված միջոցները բավական մատչելի են, բայց և վնասակար, իսկ օրգանական՝ ստանդարտներին համապատասխան միջոցները, ոչ միայն  չեն վնասում, այլև բուժական նշանակություն ունեն, տեղեկացնում է Վարդան Պապիկյանը։

Ամեն ինչ սկսվեց գերչակի, կոկոսի, արմավի, ձիթապտղի, խաղողի կտի յուղի հիմքով պատրաստված օճառներից, հետո արդեն սկսեցին օճառներ պատրաստել խոտաբույսերի թուրմերի համադրությամբ: Ավելի ուշ հաջորդեցին շամպուններն ու դիմակները:

Օրգանական արտադրանք ստեղծելու գաղափարին ընտանիքի անդամները դեմ չէին, բայց սկզբում «չէին շտապում» աջակցել, միայն վերջերս, երբ արդեն  նկատեցին, որ այդ միջոցների պահանջարկը կա, փորձում են օգտակար լինել:

«Պասիվ, սպասողական   դիրքորոշում դրսևորեցին, բայց վերջերս ավելի հետաքրքրություն եմ նկատում նրանց կողմից՝ առցանց մաքետինգը նրանց ուսերին է»,-ժպտում է քիմիկոսն ու հավելում, որ ընտանիքի  անդամներն իր ստեղծած արտադրանքն են օգտագործում։

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

«Այնքան զգալի է տարբերությունը, որ ով գեթ մեկ անգամ օգտագործել է, ասում է, որ այլևս հին օճառներին ու շամպուններին չի վերադառնա»,-ասում է Պապիկյանը:

Աշխարհում տարեկան օրգանական նյութերի արտադրության 20 տոկոս աճ է գրանցվում:

«Մարդիկ ժամանակի ընթացքում հասկացան, որ լավագույն միջոցը մոռացված հինն  է, ու փորձ են անում վերհիշել այդ հին բաղադրատոմսերը: Հայաստանի բնաշխարհը համարվում է վայրի, մենք դեռ գենետիկորեն շատ չենք փչացրել մեր բնությունը»,-նշում է քիմիկոսը ցույց տալով հավաքած երիցուկը, անանուխն ու եղինջը, որոնք օգտակար հավելանյութեր են օճառների ու շամպունների համար:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Հումքի պակաս Հայատանում չկա: Լավ հավելանյութ է նաև Հայկական բնաշխարհում աճող վայրի նռան կեղևը: Վարդան Պապիկյանն օգտագործում է նաև ոչ տեղական հավելումներ՝ նարնջի կեղև,  կոճապղպեղ, չիլի պղպեղ, զաֆրան, Էվկալիպտ և այլն:

Աշխատանքի մեջ  շատ է օգնում հոգեբան լինելը: «Շատերը զարմանում են, երբ իմանում են, որ քիմիայի մասնագետ լինելուց բացի նաև հոգեբան եմ: Ինձ համար երկուսն էլ կարևոր են՝ ինչպես հոգու, այնպես էլ արտաքին  էկոլոգիան»,-ասում է Վարդան Պապիկյանը:

Այս պահին օրգանական կոսմետիկ միջոցներն իրացվում են միայն Գյումրիում, բայց հեղինակը  բրենդավորելուց ու սերտիֆիկացնելուց հետո դրանք արտահանելու, նաև տեսականին ավելացնելու ծրագրեր ունի։