ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում այսօրվա բանակցություններն ավարտվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
Նշենք, որ բանակցությունները կոորդինացնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
«Բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»,–ասաց Հովսեփյանը։
Նա հայտնեց նաև, որ դրանք կշարունակվեն վաղը, իսկ թե կոնկրետ որ ժամին` դեռ պարզ չէ։
Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսվել էին ժամը 15-ից։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։