Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Այվազյանը պատմել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

Արա Այվազյանը գոհունակությամբ է ընդգծել վերջին շրջանում Իրաքի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ներկայացրել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Այվազյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Թալաբանիի հետ։

«Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊-քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այվազյանը գոհունակությամբ է ընդգծել վերջին շրջանում Իրաքի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

Այս առնչությամբ Այվազյանը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նույնպես հանդիպել էր Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:
Կանադայի արտգործնախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին