ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ անգամ ևս ընդգծում է, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik.Հայաստանը բարձր է գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ անգամ ևս ընդգծում է, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։