ՀԱՊԿ–ից համարժեք արձագանք ենք ակնկալում. Արմեն Գրիգորյանը` Տաջիկստանի ԱԽ քարտուղարին

Տաջիկստանի ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը Սյունիքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը` հավելելով, որ Արմեն Գրիգորյանն ու Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդան հեռախոսազրույց են ունեցել։

«Գրիգորյանը, կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի`որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց` որպես միջազգային անվտանգային կառույցի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանն իրադրությունը ընկալում է որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:

Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:Նա պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Հավելենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կեսօրին արդեն իսկ պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել` նաև ռազմական աջակցություն խնդրել։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։