ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից, ընդգծել են ԵՄ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիներին ներկայացվել է հստակ պահանջ` առանց նախապայմանի ելման դիրքեր վերադառնալ. ՊՆ

«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։

«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Հավելենք, որ սահմանում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է սադրանք ադրբեջանցիների կողմից, կոչ է արել հետ քաշել զորքերն ու խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։