ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ սահմանը Իշխանասարի Սև լճի մոտ խախտած ու 3.5 կմ առաջ եկեծ ադրբեջանցիներն այսօր, մոտավորապես ժամը 6.30-ին մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։
Նա նշեց նաև, որ դա նույն Սև լճի մոտակա տարածքն է։
«Վերիշենն ու Ակները իրար կպած գյուղեր են, Վերիշենից մի քիչ հետ են քաշվել, Ակների ուղղութամբ առաջ են եկել մի 500 մ»,-ասաց գյուղապետը հավելելով, որ Ակներից Գորիս ուղիղ գծով հեռավորությունը 2.5 կմ է։
Անդրադառալով ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին, Սպարտակ Մինասյանը տեղեկացրեց, որ դրանք շարունակվելու են վաղը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ նույնպես ասել էր, որ բանակցությունները կվերսկսվեն մայիսի 15-ին, ժամը 15-ին։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։