Ադրբեջանցիների հետ բանակցությունները կշարունակվեն վաղը. ՀՀ ՊՆ

Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայ–ադրբեջանական բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։ Այս մասին tեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։

Այսօր տեղի ունեցած բանակցությունները, ինչպես արդեն հայտնել ենք, որևէ արդյունք չեն տվել։

«Ադրբեջանցիների հետ բանակցություններում հայկական կողմն ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար առանց որևէ նախապայմանի հեռանալ Հայաստանի տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ զինված ուժերը, կարևորելով իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են։

Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով ադրբեջանցիների հետ բանակցություններն ավարտվել են

Ի դեպ, բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսել էին ժամը 15-ից։ Այն կոորդինացնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։