Որ դեպքում ՀԱՊԿ անդամները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ նիստ կհրավիրեն

ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին եռօրյա ժամկետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Եթե եռօրյա ժամկետում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի հետ կապված ՀԱՊԿ անդամ կոմիտեները որոշակի լուծումներ առաջարկեն, ապա կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանալ, բայց եթե իրավիճակին գնահատական չտրվի և իրադարձություններն այլ կերպ զարգանան, ապա ՀԱՊԿ խորհրդի նիստ կգումարվի։

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Եռօրյա ժամկետում ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին և ըստ այդ գնահատականի՝ կորոշվի խորհրդի նիստ հրավիրելու հարցը։ ՀԱՊԿ խորհրդի նիստը պարտադիր չէ, եթե այս 3 կոմիտեները եզրակացություններ են ներկայացնում»,- ասաց նա։

Այնուհետև Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգը։

ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկից դիմում ստանալու դեպքում մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի (այժմ Տաջիկստանն է-խմբ.) հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրում, բացի նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների քարտուղարների կոմիտեն, ԱԳ նախարարների, ինչպես նաև ՊՆ նախարարների կոմիտեն իրավիճակը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են սկսում։

«Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը». Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

«Տեղեկացնեմ, որ և ՀՀ ԱԳ նախարարը, և պաշտպանության նախարարը, ինչպես նաև ես` ԱԽ քարտուղարս, այս ուղղությամբ նախնական աշխատանքներ իրականացրել ենք, մենք խոսել ենք ՌԴ մեր գործընկերների հետ, ներկայացրել ենք իրավիճակը, ԱԳ և ՊՆ նախարարները խոսել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, և կարող ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որ եռօրյա ժամկետում մեր կոմիտեները կարողանան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ»,- նշեց անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։