Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ՀՀ–ի ձեռնարկած գործողությունները

ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը, միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները` նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները

ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն`նշելով, որ կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։