Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է իմանան` իրենք էլ են բացառված. Մարուքյան

ԼՀԿ–ն չեղարկել է կուսակցության համագումարը. Էդմոն Մարուքյանը նշում է` նախընտրական աշխատանքները կասեցրել են Սյունիքի սահմանին տեղի ունեցող դեպքերի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Առաջին ուժը, որը հայտարարել է` Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու կոալիցիա չի կազմի, «Լուսավոր Հայաստանն» է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով լուրերին, որ ընտրություններից հետո ընդդիմադիրները հնարավոր է` միավորեն իրենց ուժերը։

Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան

«Հիմա այն ուժերը, որոնք ուզում են Քոչարյանին վարչապետ դարձնել, ասում են` եկեք հուշագիր ստորագրենք, որ Փաշինյանին բացառում ենք։ Մենք էլ ասում ենք` թող ստորագրեն, որ Հայաստանը հետ չեն տանի, այսինքն` նախկին որևէ լիդերի չեն բերի իշխանության գլուխ։ Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է հասկանան` իրենք նույնպես բացառված են»,–ասաց Մարուքյանը։

Նա հայտնեց նաև, որ ԼՀԿ–ն չեղարկել է կուսակցության վաղվա համագումարը. Մարուքյանի խոսքով` նախընտրական աշխատանքները, ըստ էության, կասեցրել են Սյունիքի սահմանին տեղի ունեցող դեպքերի պատճառով։

Անդրադառնալով ԼՀԿ ցուցակներին` Մարուքյանը նշեց` հարցը կորոշվի համագումարի ժամանակ, սակայն իրենց ցուցակում կներառեն նաև որոշ անհատների։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են նախատեսված։