ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Թուրքիան Երուսաղեմի պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես Ադրբեջանին աջակցեց Ղարաբաղում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուրազ–բայրամ տոնի մեկնարկի կապակցությամբ հեռուստաուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք զայրացած ենք ահաբեկչական Իսրայելի ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները։ Ինչպես մենք վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանի պայքարը օկուպացված հողերը ազատելու համար, այսօր մենք նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, որով մենք պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը»,– ասել Է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Գազայի իրադրության թեմայով բանակցություններ է վարել 19 երկրի նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ։
«Իսրայելին կանգնեցնելը մարդկության պատվի հարցն է։ Մենք միջազգային հանրությանը հորդորում ենք գործի անցնել։ ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», - հավելել է Էրդողանը։
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
Հիշեցնենք` մայիսի լույս 8-ի գիշերը պաղեստինցիների և իսրայելցի ոստիկանների միջև զանգվածային բախումներ սկսվեցին Արևելյան Երուսաղեմում: Խռովություններ գրանցվեցին միանգամից երկու շրջանում՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ տեղահանում էին մի քանի արաբական ընտանիքներին։ Դրա պատճառով մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացվում, որոնք վերածվեցին անկարգությունների:
Իսրայելի և պաղեստինյան անկլավի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց այս շաբաթվա սկզբին։ Շարունակական հրթիռակոծությունների հետևանքով արդեն զոհվել է յոթ իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել են: Թել Ավիվը հարվածներ հասցրեց Գազայի ուղղությամբ՝ ոչնչացնելով մի քանի գրոհայինների, այդ թվում ՝ բարձրաստիճան հրամանատարների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների զոհ է դարձել 115 մարդ, ավելի քան 600-ը տուժել են, անկլավում էլեկտրականություն չկա:
Միջազգային հանրությունը կողմերին զսպվածության կոչ է արել։ Հնարավոր է` առաջիկայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կայանա։
Իսրայելի ուղղությամբ չորս օրում ավելի քան 1,8 հազար հրթիռ է արձակվել. ՊԲ ներկայացուցիչ