ՌԱԴԻՈ

Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածությանն ու ադրբեջանական սադրանքի դրդապատճառներին։
Sputnik
Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գնահատականները կարող են լինել տարբեր հարթություններում և հիմնվել տարաբնույթ ենթադրությունների վրա, մինչդեռ իրական պատկերը ստվերում է, քանզի հայտնի չէ, թե ինչ կոմբինացիաներ են կիրառվում։ Ըստ նրա` չի բացառվում, որ լարվածությունը պայմանավորված լինի Թուրքիայի վարքագծով, որն ուզում է Ռուսաստանին ներքաշել ինչ–որ գործընթացների մեջ։ 

«Հնարավոր է, որ բանակցություններ են ընթացել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, և դա շանտաժ է, հնարավոր է, որ Բաքվում խնդիրներ են առաջացել Լավրովի այցից հետո, որովհետև վերջինս հայտարարեց Արցախի վիճահարույց տարածքների հարցում ճշգրտումներ կատարելու մասին։ Բայց բոլոր առումներով սա մեծ կծիկի մի կետն է միայն, որը կարող է առնչվել և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, նույնիսկ կապ ունենալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ»,– նշեց քաղաքագետը։

Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին

Դանիելյանի կարծիքով` հնարավոր է նաև, որ ադրբեջանական կողմը նման քայլերի դիմելով` ձգտում է առավելագույն չափով տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ։ Քաղաքագետը հիշեցրեց արցախյան պատերազմի օրերին ՌԴ նախագահի հայտարարությունը, որ իրենք պաշտպանում են զուտ Հայաստանի անվտանգությունն ու սահմանները, հետևաբար եթե ՀԱՊԿ–ն չկարողանա արձագանքել այս իրավիճակին, ապա դա կհարվածի կառույցի հեղինակությանը։

Քաղաքագետն անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործելակերպին, հակընդդեմ քայլերին՝ տարակուսեց, թե քանի շենքի վրա է տարածվում պետության սուվերենությունը և կասկած հայտնեց, թե գործող կառավարությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների ու սահմանային լարվածության առթիվ արդյոք վարում է որևէ քաղաքականություն, ունի՞ արդյոք կամք և ուժ՝ որևե հարց լուծելու համար։ Նրա համոզմամբ` պատերազմը ցույց տվեց, որ մենք, ի դեմս ՀՀ կառավարության, գործ ունենք ոչ ադեկվատ մարդկանց հետ, և ադրբեջանցիներն իրենց հերթին «արդեն հաշվել են Նիկոլ Փաշինյանի ատամները»։ 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։