Սիսիանում ևս 3 հոգու են հոսպիտալացրել

Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող 373 անձինք մինչև 18 տարեկան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք։ Այդ ախտանշաններն ունեցող անձանցից 373-ը մինչև 18 տարեկան են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։

Այժմ Սիսիանի բժշկական կենտրոնում 9 հիվանդ կա, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:

Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում։

«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին