Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

Ավինյանը հուսով է, որ Սյունիքում վատ սցենարի սպասումները, այնուամենայնիվ, չեն իրականանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին։

«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ»,– ասաց նա։

Ավինյանը պարզաբանեց, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին հենց նմանատիպ սցենարների համար է նախատեսված` հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։

Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ վատ սցենարի մասին է խոսքը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, ւ այդ քարտեզների հիման վրա էլ ադրբեջանական զորքն առաջ է եկել` հայտաարելով, որ դա իր տարածքն է։

Ավինյանը նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմը հաստատել է խաղաղ կարգավորման տրամադրվածությունը և վստահեցրել, որ որևէ այլ չի պատրաստվում ձեռնարկել։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ