ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերը առանց հրազենի կիրառման կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումները` տարբեր խորությունների վրա։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում։
«Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։ Այսինքն` սա լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի լեռան, մի կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ սահմաններում սադրանքներից մեկ օր առաջ Ադրբեջանը հայտարարել էր 15 000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ իրականացնելու մասին։ Դա, ըստ Փաշինյանի, չէր կարող զուտ պատահականություն լինել, երբ 15 000–անոց զորքը դուրս է բերվում իր մշտական տեղակայման վայրից։
Բացի այդ, ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնալիքներով ելույթ ունեցավ` հայտարարելով, որ Զանգեզուրով միջանցք կբացի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։
«Եթե ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ արևելյան ու արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենափոքրն է բոլոր տեղանքներից»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս վտանգները հաշվի առնելով` Հայաստանի իշխանությունը որոշում է կայացրել գործի դնել ՀՀ ռազմաքաղաքական մեխանիզմները։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։