ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգը մտահոգված է Հայաստանի սահմանին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Նա, մասնավորապես, Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին։
«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստան անցնելու մասին լուրերով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` այդպիսով խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,–ասել է Մայքլ Չոնգը:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ